Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումները կառուցողական են եղել։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ընդհանուր առմամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումները կառուցողական են եղել։ Միևնույն ժամանակ, հարաբերությունների կարգավորման գործընթացը, իհարկե, պահանջում է ժամանակ և հետագա քայլեր»,- ասել է Բայրամովը՝ կարևորելով Երևանի կողմից Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի հինգ հիմնական սկզբունքների ընդունումը։
«Մենք առաջին և կարևոր քայլ ենք համարում այն փաստը, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնարար կետերը»,- ասել է ադրբեջանցի նախարարը՝ հավելելով, որ իր երկրի առաջարկած հինգ հիմնարար կետերի իրականացումը ձեռնտու է նաև Հայաստանին։