Ադրբեջանը որոշել է Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման ազգային հանձնաժողովի և երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման պատվիրակության կազմը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների համաձայն, ադրբեջանական կողմը որոշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման ազգային հանձնաժողովի և երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման պատվիրակության կազմը, հակառակ կողմին հայտնել է «Բաքու-Երևան» ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ալիևը «կարևորել է Ադրբեջանի կողմից խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար ներկայացված հինգ սկզբունքների ընդունումը որպես հիմք»: