Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,- նշել է Աղաջանյանը։
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիլիոն մտադիր է ապրիլի 25-ին երկրի ԱԳՆ կանչել Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մյուֆթուօղլուին՝ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ այդ երկրի հայկական կազմակերպությունների հասցեին հնչեցրած ժեստի կապակցությամբ: