Ամեն տարի մայիսի 3-ին նշվող Ազատության համաշխարհային օրվան ընդառաջ ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների կյանքին և անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ վեհաժողովի բանաձև ընդունելու նախաձեռնությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բելգիացի խորհրդարանական Քրիստոֆ Լակրուայի նախաձեռնությանն աջակցել են ԵԽԽՎ և 37 անդամ 24 երկրներից։
2022 թվականի փետրվարի 22-ին իր տանը սպանվել է լրագրող և իրավապաշտպան, հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ Ավազ Շիխմամեդովը (ստեղծագործական կեղծանունը՝ Ավազ Հաֆիզլի)։ Նրա կյանքի պաշտպանության բազմաթիվ խնդրանքներն անտեսվել են Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից, ասվում է փաստաթղթում։
2022 թվականի ապրիլի 23-ին հայտնի բլոգեր և իրավապաշտպան, նախկին բանտարկյալ Բախտիյար Հաջիևը առևանգվել է դիմակավորված անձանց կողմից, ովքեր խոշտանգել և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել նրան։ Նրանք բլոգերին պատվիրել են հեռացնել իր քննադատական գրառումները։ Հաջիևին ազատ են արձակել՝ զգուշացնելով, որ եթե շարունակի իր քննադատական ելույթները, ֆիզիկական հաշվեհարդարի կենթարկվի։
Նշվում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում բազմաթիվ հետաքննող լրագրողներ նախազգուշացումներ են ստացել Ադրբեջանի անվտանգության ուժերի ներկայացուցիչներից՝ պահանջելով դադարեցնել հակակոռուպցիոն հետաքննությունը պետական պաշտոնյաների դեմ։
ԵԽԽՎ-ն պետք է ուշադիր ուսումնասիրի ադրբեջանցի լրագրողների, բլոգերների և իրավապաշտպանների նկատմամբ սպանությունների և դրանց փորձերի բոլոր դեպքերը, ովքեր շարունակում են աշխատել երկրում և արտերկրում, և պատրաստի համապարփակ զեկույց այս խնդրի վերաբերյալ, նշում են միջնորդության հեղինակները։
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը Turan-ին պարզաբանել է, որ 38 պատգամավորների դիմումը մայիսի կեսերին կքննարկվի Մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ բյուրոյի կողմից։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ փաստաթուղթը ստորագրել են ԵԽԽՎ բոլոր հինգ քաղաքական խմբերի ներկայացուցիչները, այդ թվում՝ չորսի ղեկավարները։