Թուրքիայի իշխանությունները մտադիր են ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների կամավոր և արժանապատիվ վերադարձի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կկրճատվի մինչև ողջամիտ մակարդակ՝ մեր կողմից նրանց կամավոր հայրենիք վերադառնալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման դեպքում», – ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ ներկայում Թուրքիան միջազգային մարդասիրական կազմակերպությունների տրամադրած ֆինանսավորման շնորհիվ 200 հազար տուն է կառուցում Սիրիայի 13 շրջաններում՝ այդ երկրից հայրենիք վերադարձող փախստականների համար:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Թուրքիայի համապատասխան կառույցների հետազոտությունների համաձայն՝ Սիրիայից ապաստան խնդրող ավելի քան մեկ միլիոն մարդ ցանկանում է վերադառնալ հայրենիք:
Էրդողանը նշել է նաև, որ 2016 թվականից տարբեր միջոցներով Թուրքիա մուտք գործած և իրենց երկրներ հետ ուղարկված անօրինական ներգաղթյալների թիվը գերազանցել է 320 հազարը: