Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե լրատվամիջոցները ճիշտ են վերարտադրել, մեղմ ասած տարօրինակ հայտարարություն է։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայտարարություններին։
Վարչապետն ասաց, որ 2021 թ. ապրիլի 19-ին այցելել է Ռուսաստան, որի արդյունքներով ՌԴ նախագահի հետ ստորագրել է համատեղ հայտարարություն, որտեղ 24-րդ կետում գրված է, որ Լեռնային ղարաբաղյան կարգավորման շուրջ պետք է համագործակցենք, պետք է օգտագործեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության պոտենցիալը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան:
«Սա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետն է, որը արձանագրված է թղթի վրա: Կարծում եմ, որ պետք է այս հակասությունը պարզաբանվի, չնայած պարզաբանելու բան մեծ հաշվով չկա, որովհետև ընդունվել է համատեղ հայտարարություն»,–ասաց նա և հիշեցրեց, նաև, որ դրանից առաջ ՌԴ ԱԳ նախարարը եղել է ՀՀ-ում:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի լինել–չլինելուն, ապա նա ասաց, որ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին: