«3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակներում հաջորդ հանդիպումը առաջիկայում կկայանա Իրանում։ Այդ մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ երկուշաբթի Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում մասնակցության և համագործակցության հարցում՝ ներառյալ «3+3» մեխանիզմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, ՌԴ և Իրան) հարցում։ Այդ ձևաչափով առաջիկա հանդիպումը կընդունի Իրանը»,- ասել է Բայրամովը։
Նա նաև մեկնաբանել է իրավիճակը Հարավային Կովկասում՝ հայտարարելով, որ Ադրբեջանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
«Մենք հայտարարել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և միջազգային հաղորդակցությունը վերականգնելու մեր պատրաստակամության մասին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում: