Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին պաշտոնյան աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել։ Հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նրան ներկայացվել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ընդգծելով, որ Հայաստանում միջանցքների ստեղծման հարցերը չեն քննարկվում։
Շամհանին այս համատեքստում հայտարարել է պետությունների տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Նա նաև ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության ամրապնդմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ալի Շամհանիի հետ հանդիպմանը, նշվել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ցանկացած փորձ։ Նա նշել է, որ իր երկիրն աջակցում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակներում։