Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Աղբյուրը հայտնում է, որ հարցի շուրջ խոսել է Մենեմենի քաղաքապետի պաշտնակատար Այդըն Փեհլիվանը, որի խոսքով՝ եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»:
Փեհլիվանի տեղեկություններով՝ եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով տարիների ընթացքում եկեղեցին կոցրել է նախկին տեսքը:
«Անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո մենք մրցույթ հայտարարեցինք: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո նախատեսում ենք այն ծառայեցնել մեր ժողովրդին՝ որպես արվեստի ու գիտության կենտրոն»,- ասել է քաղաքապետի պաշտոնակատարը:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Մենեմենի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին լքվելուց հետո թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործվել է որպես զինվորական պահեստ, ապա՝ ախոռ։