Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից տեղեկատվություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:
Ինչպես հաղորդում է РИА Новости – ին, այս մասին Էրդողանը հայտարարել է Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ «Հայաստանի համար կարևոր է որքան հնարավոր է շուտ հրաժարվել Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանալ խաղաղության և համագործակցության վրա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։