Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է «իրանական հատուկ ծառայությունների կողմից ստեղծված լրտեսական ցանցի» հայտնաբերման մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերատեսչությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՊԱԾ-ն «շարունակում է համալիր օպերատիվ-քննչական միջոցառումները՝ Ադրբեջանի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-դիվերսիոն գործունեությունը կանխելու և ստեղծված լրտեսական ցանցը բացահայտելու նպատակով»:
Մասնավորապես, նշվում է, որ գործի ֆիգուրանտները տեղեկություններ են հավաքել «Ադրբեջանում գործող օտարերկրյա պետությունների ընկերությունների և ներկայացուցչությունների, Կասպից ծովում ռազմածովային ուժերի զորավարժությունների վայրի և ժամանակի մասին», ինչպես նաև լուսանկարներ և տեսագրություններ են ուղարկել Բաքվում նավթատարների և գազատարների տարանցման տարածքի, ԱԹՍ – ների, տանկերի պահպանման վայրերի և այլնի մասին:
Գործի շրջանակներում ձերբակալվել է Ադրբեջանի 5 քաղաքացի՝ պետական դավաճանության մեղադրանքով։
Ավելի վաղ՝ նոյեմբերի սկզբին, Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտարարել էր «Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ ստեղծված» ապօրինի զինված կազմավորման «հայտնաբերման մասին»։
Վերջին շաբաթներին թափ է հավաքում լարվածությունը Բաքվի և Թեհրանի միջև։ Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Թեհրանը ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է Իրանի համար տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։
Հոկտեմբերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը և Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Նոյեմբերին Ադրբեջանն իր հերթին հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ է անցկացրել Իրանի հետ սահմանին։