Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Այս մասին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նա, մատնանշելով փոխադարձաբար Իրանի Թավրիզ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն բացելու գաղափարը, շեշտեց, որ Սյունիքում Իրանի հյուպատոսություն բացելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որն Իրանը տալիս է հայ և իրանցի ժողովուրդների հազարամյա հարաբերություններին:
«Ես ուզում եմ Կապանի հարգարժան և հյուրընկալ քաղաքացիների ներկայությամբ հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»,- ասաց իրանցի պաշտոնյան:
Աբդոլլահիանն ընդգծեց, որ իրանական քաղաքականությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելը:
«Երևանում ԻԻՀ-ի, ինչպես նաև Կապանում գլխավոր հյուպատոսության իմ գործընկերների ջանքերի շնորհիվ կաշխատենք, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնենք»,- ասաց նա:
Աբդոլլահիանի խոսքով՝ Սյունիքի մարզը հանդիսանում է Հյուսիս-Հարավ մայրուղու կարևորագույն հատվածներից, իսկ Հայաստանը՝ կաևորագույն երկրներից մեկը:
«Մենք Հայաստանը համարում ենք Հյուսիս-Հարավ մայրուղու վրա գտնվող կարևորագույն պետություններից մեկը: Եվ մենք մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այս տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն այս ուղով առավել զարգանան»,- ասաց նախարարը:
Նա Իրանի կառավարության և ժողովրդի անունից ջերմ ողջույններ փոխանցեց ներկաներին «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը, կեցցե՛ երկու երկրների բարեկամությունը» խոսքերով:
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: ԱԳՆ-ից հայտնել էին, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։