Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների հերթական փուլի մասին՝ առաջիկա շաբաթներին քննարկելու խաղաղության պայմանագրի նախագիծը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել՝ փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա։ Սկսվում են երկկողմ բանակցությունները խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։ Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը վերանայված առաջարկներ է ներկայացրել Հայաստանին։ Սպասվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մոտակա շաբաթներին»,- հիշեցրել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ որպես երկու հավասար ինքնիշխան պետությունների, խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմք կստեղծի միջպետական հարաբերություններին առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կամ մտահոգող բոլոր հարցերի լուծման համար։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը խորհրդարանում կառավարության ժամին կասկած էր հայտնել, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի պատրաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակը։ Նա նաև նշել է, որ հանդիպումը դեռ նշանակված չէ, սակայն հնարավոր է, որ մինչև ավարտը ևս մեկ հանդիպում լինի։