Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները փորձություն են Հայաստանի անկեղծության համար Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
«Իհարկե, Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի համար կլինեն անկեղծության փորձություն: «Ադրբեջանի հարստությունը սեփական հողերում յուրացնելու» փորձն անընդունելի է: Այս, ինչպես և ցանկացած այլ հարցում, Ադրբեջանը միայնակ չէ»,- ասել է Չավուշօղլուն հինգշաբթի օրն Անկարայում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ Բաքվի և Անկարայի հարաբերությունները գտնվում են «ամենաբարձր մակարդակի վրա»։
«Մենք շարունակում ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ սերտորեն համագործակցելով Ադրբեջանի հետ»,- հավելել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: