«Իմ կարծիքով՝ Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ»։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրուցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալը:
Ըստ դե Վաալի՝ այն, ինչ հիմա է տեղի ունենում, գետնի վրա շատ լուրջ գործողություններ են։
«Վախենամ, որ 2023 թվականը լինի լարված, ծանր։ Ես հույս ունեմ, որ նոր հակամարտություն չի լինի, բայց, իհարկե, դրա նշաններն արդեն տեղում են, քանի դեռ լուրջ բանակցություններ չեն ընթանում և քանի դեռ 2020-ի նոյեմբերյան համաձայնությունները չեն գործում, քանի որ չկա Լաչինի ճանապարհով տարանցում։ Դա եռակողմ հայտարարության հիմնական դրույթներից է։ Կան լուրջ մտավախություններ, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը և Զանգեզուրի միջանցքի հարցը ավելի շուտ որոշվելու են գետնի վրա և ոչ թե բանակցություններով։ Իհարկե, կան լուրջ փորձեր՝ հունվարին Բրյուսելում վերականգնելու բանակցությունները, տեսնենք՝ ինչ կստացվի։ Բայց առայժմ իրավիճակը շատ լուրջ է»,-նշել է նա։
Ըստ փորձագետի, եթե հակամարտություն լինի, դրա մասշտաբը փոքր կլինի՝ համեմատությամբ այն, ինչ 2020-ին տեսանք։
«Միգուցե նաև այն պարզ պատճառով, որ հայկական կողմի ռազմական ռեսուրսները քիչ են։ Իմ կարծիքով՝ նախագահ Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։ Ավելի շուտ նա փորձում է հասնել նրան, որ եթե այն, ինչ չստացվի բանակցություններով, փորձի այսպես ճնշել հայկական կողմին։ Տեսնենք՝ արդյո՞ք դա կստացվի։ Հիմա, իհարկե, Ռուսաստանում տոնական շրջան է, կարծում եմ՝ եթե ոչ այժմ, ապա մի շաբաթից Մոսկվայի ակտիվացմանը ականատես կլինենք, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, հարված է ոչ միայն բանակցություններին, այլև տարածաշրջանում Մոսկվայի հեղինակությանը»,-նշել է նա։
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից առկա սրացումներին չմիջամտելուն դե Վաալը նշել է, որ դա շատ կենսական հարց է, որի պատասխանն ինքը չունի։
«Կա այսպես ասած ավելի ընդհանրական պատճառ, որ Ռուսաստանի բոլոր՝ ռազմական, տնտեսական և քաղաքական ռեսուրսներն ուղղվել են Ուկրաինային։ Իհարկե, Ղարաբաղում մնացել է խաղաղապահ առաքելությունը, բայց այն այլևս այնքան ուժեղ ու պրոֆեսիոնալ չէ, ինչպես, ասենք, մեկ տարի առաջ։ Պատճառներից է նաև, որ Մոսկվան, ինչպես գիտենք, երկար տարիներ փորձում է լավ հարաբերություններ պահպանել թե՛ Երևանի և թե՛ Բաքվի հետ՝ ակնկալելով նաև նրանց աջակցությունը։ Ուստի երկրորդ գործոնն է, որ ռուսները չեն ցանկանում բարկացնել Ադրբեջանին։ Բայց իրականում այն, ինչ տեղի է ունենում հիմա, խարխլում է 2020-ի նոյեմբերյան համաձայնություններն ու Մոսկվայի հեղինակությունը, որովհետև, ինչպես նշեցիք, Ռուսաստանի պատասխանատվությունն է, որ Լաչինի միջանցքը բաց մնա։
Կան Մոսկվայի տարբեր հետաքրքրություններ։ Չեմ կարծում, որ Կրեմլում նստած մեկ մարդ է կայացնում Կովկասի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով բոլոր որոշումները։ Այնտեղ կան տարբեր՝ ռազմական, տնտեսական, քաղաքական հետաքրքրություններ, և Ռուսաստանը միշտ՝ արդեն 30 տարի է մանևրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այո, կա Մոսկվայի հետաքրքրվածությունը, որ բացվի դեպի Նախիջևան ճանապարհը և որ դրա անվտանգությունն ապահովեն ռուսական դաշնային անվտանգության ուժերը, ինչպես 2020-ի եռակողմ հայտարարությունում է նշված։ Բայց կա նաև Ռուսաստանի մեկ այլ հետաքրքրություն, որ իր առաքելությունը մնա Ղարաբաղում ավելի երկար ժամանակով, հատկապես 2025-ից հետո։ Եվ իհարկե, ինչպես մինչև 2020-ի պատերազմն էր, Մոսկվան դեմ չէ, որ հայերի նկատմամբ ճնշում լինի։ Բաքվում և Մոսկվայում տպավորություն ունեն, որ Հայաստանը ձգձգում է բանակցությունները, Ադրբեջանում էլ, Ռուսաստանում էլ ակնկալում էին, որ 2022 թվականին կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Եվ իհարկե, կա նաև Բաքվի տեսակետը, որ Ռուբեն Վարդանյանն այսպես կոչված կրեմլյան նախագիծ է, Պուտինի դրածոն։ Ես այդպես չեմ կարծում, բայց համաձայն եմ, որ Վարդանյանի Ղարաբաղ գալը բարդացրեց բանակցային գործընթացը։
Բաքվում կարծում էին, որ կկարողանան պայմանավորվել տեղի հայերի հետ։ Կան, իհարկե, կասկածներ Վարդանյանի նկատմամբ՝ ով է նա։ Կա տնտեսական գործոնը, որի մասին գրվեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հետաքրքրություններն են բախվում Ղարաբաղի մերձակայքում հանքավայրի շուրջ։
Ես, իհարկե, բազմիցս ասել եմ, որ Եվրամիությունը շատ ավելի չեզոք, հեղինակավոր միջնորդ է, որը անհամեմատ ավելի մեծ վստահություն ունի Բաքվում և Երևանում, իսկ ավելի քիչ՝ Ստեփանակերտում։ Բայց միևնույն է, գլխավոր դիվանագիտական խաղացողները Բաքուն և Երևանն են, ու որքան Եվրամիությունը ներգրավվի այս գործընթացում, այնքան ավելի լավ։ Կա նաև հույս, որ այս տարի կվերականգնվի Եվրոպական միության սահմանային ծառայությունը և որ կմեկնարկի Ալիևի ու Փաշինյանի բանակցությունների նոր ռաունդ՝ Շարլ Միշելի միջնորդությամբ։ Այլ տարբերակ պարզապես չեմ տեսնում և կարծում եմ, որ Երևանում ու Բաքվում կա ըմբռնում, որ այսպես՝ խաղաղ ճանապարհով կարելի է շատ բանի հասնել»,-նշել է նա։
Այս պայմաններում Արևմուտքի ռազմական ջակացությունն, ըստ փորձագետի, այնքան էլ իրատեսական չէ։
«Կարծում եմ՝ կա տարածաշրջանի գործերին ավելի փափուկ ձևով խառնվելու տարբերակ՝ դիտորդներով, տնտեսական, տեխնիկական աջակցությամբ։ Բայց անվտանգության գլխավոր գործոնը մնում է Ռուսաստանի առաքելությունը Ղարաբաղում, դա մնում է գործոն անգամ Ուկրաինայում պատերազմի ժամանակ։ Բայց արդեն ժամանակն է քննարկելու, թե ինչ է լինելու Ղարաբաղում 2025 թվականին։ Ի՞նչ առաքելություն է գործելու, ռուսական թե՞ միջազգային, գուցե միջազգային դիտորդական ինչ-որ առաքելություն։ Բայց պետք է գտնել այլընտրանքը հայերի էթնիկ զտումների, որը ոչ միայն ինքնին ողբերգություն է, այլև ճանապարհ դեպի նոր բախումներ, նոր հակամարտություն։
Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերջին զենքն են։ Իհարկե, այս պահին Արևմուտքի համակրանքն ավելի շուտ Հայաստանի կողմն է, բայց 30 տարվա հակամարտությունը, ինչպես Արևմուտքում են համոզված, հրեշտակներ չուներ, ագրեսիա եղել է երկու կողմից էլ։ Բացի այդ կա ցանկություն համագործակցել Ադրբեջանի հետ, անգամ այս իրավիճակում։ Ուստի պատժամիջոցների սցենարը չի քննարկվում»,-նշել է դե Վաալը։
Վերդառնալով Լաչինի միջանցվքի թեմային դե Վաալը նշել է, որ Ադրբեջանը հավակնություններ ունի, և իրականում դա կարելի է հասկանալ։
«Ադրբեջանի դիտարկումները պրագմատիկ են, որ չկա թափանցիկություն, թե ի՞նչ է անցկացվել Լաչինի միջանցքով, արդյո՞ք եղել են ականներ, զենք։ Կամ ի՞նչ քաղաքացիության մարդիկ են անցել այդտեղով։ Թափանցիկ ռեժիմ չի եղել և այդ իմաստով կարելի է հասկանալ։ Իհարկե, դա պատճառ չէ Լաչինի միջանցքն ամբողջությամբ փակելու, Ղարաբաղը շրջափակելու համար, բայց, կարծում եմ, եթե հիմա բանակցություններ ընթանում եմ, իսկ դա ճիշտ է, ապա օրակարգում այդ հարցն է։ Որ լինի ավելի թափանցիկ ռեժիմ, ով և ինչ կարող է անցնել Լաչինի միջանցքով։
Իլհամ Ալիևի հավակնությունները բարձր են։ Նա շատ բան ցանկացավ 2022-ին, ճանապարհ դեպի Նախիջևան, այսպես կոչված խաղաղության պայմանագիր։ Եվ նրա մոտ որևէ բան չստացվեց։ Եվ, իհարկե, այս շրջափակումը, այս ճնշումը միայն Լաչինի միջանցքի համար չէ, ցավոք։ Այն ավելիի համար է։
Բանակցությունները երբեք փակուղի չեն մտնում քանի դեռ կամ համաձայնություն ձեռք չի բերվել, կամ էլ պատերազմ չի սկսվել։ Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը գնա սրացումների, կլինի Ռուսաստանի և Արևմուտքի արձագանքը։ Ադրբեջանը Ռուսաստան չէ, այն ավելի միջին կարգի երկիր է, որը հասկանում է, որ պետք է ունենալ որոշակի լծակներ, բայց նաև պետք է զգույշ լինել, երբ շոշափվում են Ռուսաստանի և Արևմուտքի հետաքրքրությունները»,-նշել է նա։
Հարցին, արդյոք փորձագետը տեսնում է Ղարաբաղը հայկական պահելու հնարավորություն, նա նշել է.
«Եթե անկեղծ ասեմ, այստեղ Լոնդոնում նստած չգիտեմ։ Չէի ուզենա նոր բախում կանխատեսել, բայց Աստված գիտի։ Կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի և Ղարաբաղի շատ հայեր ուղղակի կհեռանան, որովհետև այնտեղ պայմաններն անտանելի են։ Միգուցե հենց դա է Ադրբեջանի մարտավարությունը, որ որքան հնարավոր է շատ ղարաբաղահայեր ուղղակի հեռանան առանց հակամարտության։ Տեսնենք՝ ինչ կստացվի, բայց որքան երկար շարունակվի շրջափակումը, իհարկե, Ղարաբաղի հայերի համար պայմանները դառնում են ավելի ու ավելի ծանր։
Իհարկե, վատագույն տարբերակը միշտ հնարավոր է։ Ինչ վերաբերում է բանակցություններին, կարծում եմ, այնուամենայնիվ, դրանք ընթանում և անցած տարի էլ ընթացել են, բայց երկկողմանի գաղտնի ձևաչափով։ Եվ Ռուբեն Վարդանյանի գործոնը բարդացրեց բանակցային գործընթացը, որ ընթանում էր Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Շատերն ասել ու ասում են, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը այս հակամարտության արմատն է, և որ հարցը բռնությամբ լուծելու փորձը կնշանակի նոր հակամարտություն, դա հենց այնպես անաղմուկ տեղի չի ունենա։ Կարծում եմ՝ Բաքվում շատերը դա հասկանում են, նրանք ունեն մաքսիմալիստական դիրքորոշում, որովհետև կարծում են, թե շատ դրական գործոններ ունեն, բայց միաժամանակ, գիտակցում են, որ պետք է զգույշ գործել։ Որովհետև եթե նոր՝ անգամ փոքր հակամարտություն լինի, ապա այնպիսի հարցեր, ինչպես օրինակ Նախիջևանի միջանցքը և այլն, ուղղակի կփակվեն»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: