Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշման առնչությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նման գործողությունները չպետք է օգտագործվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու համար՝ ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմքով։
«Պետք է ապահովել, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում հաշվի առնի Ադրբեջանի օրինական շահերը։ Այս առաքելության գործունեությունը պետք է իրականացվի այնպես, որ չխաթարվի փոխադարձ վստահությունը»,- ասված է հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է՝ նախնական ակնկալիքները, որ ԵՄ առաքելությունն իր ներդրումը կունենա կարգավորման օրակարգի առաջմղման գործում, չեն արդարացել։ Նշվում է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ խորհրդակցությունների ժամանակ իր դիրքորոշման, ակնկալիքների և մտահոգությունների մասին է հայտնել։
«Ադրբեջանի կողմից ԵՄ տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ անցկացրած խորհրդակցությունների շրջանակում նշվել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ դառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար։ ԵՄ առաքելության ներկայությունը չարաշահելը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար և պետք է խուսափել»,- ասված է հայտարարությունում։
ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ, որի առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։