Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է հայկական Յակուբիե գյուղում գտնվող «Սուրբ Աննա» հայկական եկեղեցին, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մամլո դիվանը։
Նրանք մանրամասնել են, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը համայնքի պատասխանատուներից հետաքրքրվել է երկրաշարժից տուժածների վիճակի մասին։
«Համայնքի պատասխանատու աշխատակիցներն ուշադրություն են դարձնում յոթ կենտրոններում պատսպարված հայերին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ պարագաներով։ Հատուկ հանձնաժողովն սկսել է աշխատանքները վնասված տների վերաբերյալ արձանագրություն կազմելու ուղղությամբ»,- ասվում է կաթողիկոսարանի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: