Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակից, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ կոմիտեի՝ մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։
«Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին»,- հայտնում է ՔԿ-ն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու։ Նա կոչ էր արել մայիսի 10-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։