Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մերի Գալստյանը, Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գևորգյանը և Տաթևիկ Գասպարյանը հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Պատգամավորները շնորհակալություն են հայտնել Եվրոպական միությանը` ի դեմս տիկին դեսպանի, Հայաստան Եվրոպական միության առաքելություն գործուղելու, Եվրոպական խորհրդարանում վերջերս ընդունված զեկույցների և Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար: Անդրեա Վիկտորինը հանգամանորեն ներկայացրել է քաղաքացիական առաքելության նպատակները, ակնկալիքները նրանից և այլ մանրամասներ: Նա նշել է, որ առաքելության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ գոտիների բնակիչների առողջական, ֆիզիկական անվտանգության և այլ հարցեր:
Կողմերը քննարկել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո: Շեշտվել է Սյունիքի և մյուս մարզերի բնակիչների համար իրականացվող ծրագրերի կարևորությունը: Անդրադարձ է կատարվել առողջապահական և կրթական ոլորտներին, ինչպես նաև խոցելի խմբերի ուղղությամբ տարվող աշխատանքներին` թե’ գործադիր, թե’ օրենսդիր մարմիններում:
Ազգային ժողովի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև վիզաների ազատականացման գործընթացով, բարձրաձայնել Հայաստանում Շենգենյան մուտքի արտոնագիր ստանալու համար առաջ եկած խոչընդոտների մասին:
Օրակարգում են եղել նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը, մի շարք ոլորտներում մեկնարկած բարեփոխումները, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր:
ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ, որի առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։