Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանում առաքելություն ծավալելու ԵՄ որոշումը չի նպաստում Անդրկովկասում կայունացմանը: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, այդ մասին ռուս դիվանագետն ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման քննարկելիս Մ. Յու. Գալուզինը նշել է, որ Հայաստանում այսպես կոչված ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Բրյուսելի որոշումը հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանում առաքելության աշխատանքի մեկնարկը, հայտարարել էր, որ «ամեն ինչ արվում է, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից և թուլացվի նրա պատմական դերը՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի»:
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հայտնել էր փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ դաշինքի անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտնել է Հայաստանի սահմանամերձ շրջաններ երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշման մասին: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից, ներառյալ մոտ 50 անզեն դիտորդ: