Վրաստանի խորհրդարանից հետ են կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» կուսակցության պաշտոնական հաղորդագրությանը:
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով Վրաստանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները:
«Որպես իշխող ուժ, որը պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամի համար, մենք որոշում ենք կայացրել առանց որևէ նախապայմանի հետ կանչել մեր կողմից աջակցության արժանացծ օրինագիծը»,- նշվել է կուսակցության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Թբիլիսիում բողոքի ցույցեր էին սկսվել: Մարտի 7-ի երեկոյան ոստիկանությունը նաև ջրցան մեքենա և արցունքաբեր գազ էր կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման դեմ բողոքի ակցիան ցրելու համար:
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագիծը: Գաղափարի հեղինակներն են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները։ Նախաձեռնությունը ընդդիմության և Արևմուտքի երկրների քննադատությունն է առաջացրել օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացություն մտցնելու պատճառով:
Այսօր հայտնի դարձավ, որ Թբիլիսիում իրավիճակը գիշերը թեժացել է: Վրաստանի ՆԳՆ ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էին կիրառել: