Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Հարավային Կովկասում պատերազմի բռնկման հավանականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի ֆոնին, հայտնում է Tasnim գործակալությունը։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,- հայտարարել է նա՝ չորեքշաբթի Թեհրանում կառավարության նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Կարևորելով Բաքվի և Երևանի միջև լարվածության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը՝ նախարարն ասել է. «Մենք հավանություն չենք տա սահմանների որևէ փոփոխության։ Այն գործընթացը, որը մենք դիտարկում ենք, վկայում է այն մասին, որ որևէ կոնկրետ իրադարձություն տեղի չի ունենա»։
Երկուշաբթի օրը Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ Թեհրանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։
«Հայ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել (ռազմական) բախումների հնարավորության վերաբերյալ, սակայն ադրբեջանցի պաշտոնյաները վստահեցրել են, որ բախման (Հայաստանի հետ) մտադրություն չունեն»,- ասել էր Քանանին՝ Ադրբեջանի զորքերի տեղակայումը որակելով որպես «սովորական ռազմական գործողություններ» ձմռանն ընդառաջ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին վստահեցրել էր, որ Իրանը դեմ է Հայաստանի հետ սահմանների ցանկացած փոփոխության՝ ասելով, որ Թեհրանը պատրաստ է «արդյունավետ դեր» խաղալ որպես «հզոր հարևան»՝ տարածաշրջանային բախումները կամ աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու համար։