ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկվել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Ռայիսին Փաշինյանի հետ զրուրցում հայտարարել է, որ բացի «3+3» ձևաչափից, ցանկացած օտարերկրացու հետ աշխատելը, նրա հետ վարժանքներ անցկացնելը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը, հայտնում է IRNA-ն: Իրանը պատրաստ է օգնել երկու կողմերին [Հայաստանին և Ադրբեջանին] լուծել այդ հարցը։
Ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել նախ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ապա քննարկումներ էր ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։