Հունգարական Wizz Air ավիաընկերությունը ստիպված է եղել փոխել, չեղարկել չվերթերը դեպի Երևան և Բաքու՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման պատճառով։ Ինչպես հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը՝ ի պատասխան TACC-ի թղթակցի խնդրանքի, դա արվել է ուղևորների, ինչպես նաև անձնակազմի և ինքնաթիռների անվտանգության նկատառումներով։
Ընկերությունից հայտնել են, որ Wizz Air ավիաընկերության W6 4423 չվերթը, որը սեպտեմբերի 19-ին Սոֆիայից ուղևորվել է Երևան, վերաուղարկվել է դեպի Քութայիսի (Վրաստան)՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության սրման պատճառով։ Իսկ երեկ չեղարկվել են Wizz Air-ի չվերթերը Երևան և Բաքու, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։
«Wizz Air-ը ուշադիր հետևում է իրավիճակին և տեղեկացնում է իր ուղևորներին չվացուցակի ցանկացած փոփոխության մասին: Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար, սակայն ուղևորների, անձնակազմի և օդանավի անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը»,- հայտնել է ավիաընկերությունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։