Ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել ականի պայթյունից, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Եվս մեկը վիրավորվել է:
Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:35-ին, ռազմական «Կամազ» մակնիշի ավտոմեքենան «ադրբեջանական զինուժի դիրքերի մատակարարման ճանապարհին» ականի է բախվել։ Արդյունքում սպանվել են զինծառայողներ Շադմանով Աքրամ Յունիսօղլուն և Սեիդով Թուրալ Իսլամօղլուն։ Վիրավորվել է զինծառայող Ալիև Էլվին Թալեհօղլուն, նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը մոտավորապես չորսին Լեռնային Ղարաբաղում՝ Ֆիզուլի-Շուշի ճանապարհին, ականի տակ պայթեցվել է Ադրբեջանի պետական ավտոճանապարհների գործակալության բեռնատարը։ Վարորդը և ուղևորը զոհվել են, հավելել են վարչությունից։ Դրանից կարճ ժամանակ անց լուրեր հայտնվեցին հերթական պայթյունի մասին։ Այս անգամ, ըստ Բաքվի, ականին հարվածել է Կամազ մակնիշի բեռնատարը՝ Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների հետ, որոնք ուղեւորվում էին առաջին միջադեպի վայր։ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել էր բեռնատարի ուղեւորների մահվան հետ կապված Ադրբեջանի մեղադրանքները։
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում զինված գործողություն սկսելու մասին։ Ստեփանակերտը հայտնել էր, որ Ադրբեջանը հրթիռային և հրետանային հարվածներ է հասցնում շփման գծի ողջ երկայնքով։ Արցախի իշխանությունները սեպտեմբերի 20-ին ընդունել են ռուս խաղաղապահների հրամանատարության հրադադարի առաջարկը։ Ըստ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ, այդ թվում՝ 10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հինգ երեխա։ Տուժել է ավելի քան 400 մարդ, որոնցից 40-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 13 երեխա։