Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի պատրաստակամության մասին՝ մոտ ապագայում Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի կողմից այց կազմակերպելու Լեռնային Ղարաբաղ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Ալիևը հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ հանդիպմանը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ղարաբաղում առկա իրավիճակը։ Ալիևն ընդգծել է, որ «Ղարաբաղի հայերի իրավունքները, ինչպես և Ադրբեջանում ապրող մյուս էթնիկ փոքրամասնությունները, կապահովվեն երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև շարունակվում է երկխոսությունը վերաինտեգրման հարցերի շուրջ:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Ալիևը կհամաձայնվի դիտորդական առաքելություն ընդունել։