Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը «մեծ հաշվով» լուծվել է։
«Հակամարտությունը հիմնականում լուծված է։ Երկու կողմերն էլ համակարծիք էին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և սա էր հիմնական չլուծված խնդիրը։ Այժմ մնում են գործնական քայլեր հարաբերությունները լիովին կարգավորելու համար, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման և առանց խոչընդոտների տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման, ինչպես բոլորը պայմանավորվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներում»,- ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում՝ 2024 թվականի առաջին կեսին։
Լավրովի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը մեծ ուշադրություն են դարձրել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին և գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Իրանի և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացների կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է այս բոլոր ոլորտներում կարգավորման գործընթացներին։
Նշելով, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների այս ասպեկտներն ուղղակիորեն չեն քննարկվում «3+3» ձևաչափում, Լավրովն ասել է, որ այս հարթակը օբյեկտիվորեն օգնում է լուծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մնացած խնդիրները։
ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանել է նաև Երևանի և Բաքվի շփումները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցով։ Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախապես պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Լավրովի խոսքով՝ «այդ հանձնաժողովը բավական երկար ժամանակ չի հավաքվել, թեև վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են արվել, և դրանք շարունակում են ներթափանցել սահմանազատման գործընթաց, առաջին հերթին՝ ԵՄ-ից և որոշ չափով նաև ԱՄՆ-ից»:
«Մենք դեմ չենք որևէ շփումների, որոնք հայերն ու ադրբեջանցիները օգտակար են համարում, բայց բոլոր փորձագետները քաջ գիտակցում են, որ սահմանազատման շուրջ քննարկելու և պայմանավորվելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ առաջին հերթին խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, որը միայն Ռուսաստանի ձեռքի տակ է։ Գործընկերները դա հասկանում են, մենք չենք փորձում սրանից մեծ խնդիր սարքել, թող իրենց բախտը փորձեն Բրյուսելում, եթե այդպես են ցանկանում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք իսկապես օգնել սկսել գործնական սահմանազատում»,- ընդգծել է ռուս նախարարը։
«3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմը «ավարտվել է»։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը: Մասնակցում են Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները: