«3+3» ձևաչափով տարածաշրջանային պլատֆորմի հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում, հայտնել է Իրանի ԱԳՆ-ն՝ ամփոփելով հոկտեմբերի 23-ին Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ Թեհրանում տեղի ունեցած «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման արդյունքները։
«Գնահատելով տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման նպատակով «3+3» տարածաշրջանային պլատֆորմի հերթական հանդիպումները, կողմերը պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում՝ դիվանագիտական ուղիներով համաձայնեցված ամսաթվով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրանական գերատեսչության փոխանցմամբ՝ հաշվի առնելով փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման (հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա) կարևորությունը։
Նշվում է, որ արտահայտելով իրենց տեսակետները միջազգային տարբեր հարցերի շուրջ՝ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի կարևորագույն խնդիրները և ընդգծել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի կարևորությունը՝ այս հարցում առաջնային դեր ունեցող կառուցողական երկխոսության և տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար։
«Կարևորվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա, մշակութային համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և համատեղ նախագծերը կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում։ Նշվել է, որ տարածաշրջանի կայուն խաղաղությունն ու տնտեսական զարգացումը խթանելու նպատակով նրանք կամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արտգործախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ՝ ընդգծելով անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:
«3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմն «ավարտվել է», իսկ ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը «մեծ հաշվով» լուծվել է։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը, որին մասնակցում են Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները: