Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում կայացել է Հայաստան և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիմումը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։
Բանակցությունները գործնական քայլ են Բաքվի և Երևանի միջև խաղաղության համար, ինչպես նաև կնպաստեն տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը, ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է Աբդոլլահիանը։
Աբդոլլահիանը հայտարարել էր նաև, որ Թուրքիայից հետո «3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումները տեղի կունենան Երևանում և Բաքվում։
Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ էր ներկայացրել տեղի ունեցած հանդիպումից՝ հայտնելով, որ «3+3» ձևաչափով տարածաշրջանային պլատֆորմի հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։ Հանդիպման շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմը «ավարտվել է», իսկ ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, «մեծ հաշվով», լուծվել է։