Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը խոստովանում է, որ Ստեփանակերտում անցկացված շքերթը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փոխել է հակամարտության գոտու աշխարհագրությունը՝ այն Լեռնային Ղարաբաղից տեղափոխելով Հայաստան, մասնավորապես՝ Սյունիքի մարզ, X-ի (նախկին Twitter) էջում գրել է պատմաբան Տաթևիկ Հայրապետյանը։
«Հակամարտության դաշտն այժմ մշտապես տեղափոխվել է Ղարաբաղի տարածաշրջանից և, ըստ երևույթին, դեռևս մնում է երկու պետությունների սահմանային գոտում։ Մենք տեսնում ենք, որ այսօր գնալով ավելի քիչ է հնչում այնպիսի աշխարհագրական տերմին, ինչպիսին Ղարաբաղն է և ավելի շատ հնչում է Զանգեզուրը՝ սահմանազատում, սահմանագծում, ապագա սահմանի հիմնական գծի որոշում և այլն»,- ադրբեջանական հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Զուլֆուգարովը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։