Նախիջևանում «Արևմտյան Ադրբեջանի» մասին փառատոնն անվանել են քայլ դեպի «վերադարձ» ժամանակակից Հայաստանի տարածք, X-ում (նախկինում Twitter) հաղորդում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Կարծում ենք՝ սա կարևոր քայլ է դեպի Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ճանապարհին։ Սա մի քայլ առաջ է, որը ներկայացնում է ճշմարտությունն Արևմտյան Ադրբեջանի մասին միջազգային հանրությանը»,- ասել է, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին: Նա նաև հայտարարել է երկրի ողջ տարածքում նմանատիպ միջոցառումներ անցկացնելու մտադրության մասին։
«Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 23-24-ը տեղի կունենա «Վերադարձի ճանապարհին» նվիրված համագումար, երևանյան ուտեստների ցուցահանդես և Սյունիքի Սև լճի մասին ֆիլմի ցուցադրություն։ Կազմակերպիչները նաև ներկայացրել են ադրբեջանական ժառանգության մասին «փաստերով» գիրք, Հայաստանի բնակավայրերի ադրբեջանական տեղանուններով քարտեզներ։ Միջոցառմանը խոսվել է նաև Երևանի «ադրբեջանական» կրոնական կենտրոնների մասին, որոնցից մեկը, նրանց կարծիքով, իրանական Կապույտ մզկիթն է քաղաքի կենտրոնում։
Միևնույն ժամանակ, դեռ 2022 թվականի փետրվարին, Հայաստանում Իրանի դեսպանատունը քննադատել էր Կապույտ մզկիթի ադրբեջանական ծագման մասին հայտարարությունները։ Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանց խոստացել էր «վերադառնալ» Հայաստանի Սյունիքի մարզ «ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։
Անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի վերջին զեկուցել էր Հայաստանի Սյունիքի մարզում ադրբեջանցիների հաստատման սպառնալիքի մասին՝ ի պատասխան արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղում իրենց տները վերադառնալու պահանջների։ Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի ղեկավար Զահիդ Օրուջը հայտարարել էր, որ ադրբեջանցիների վերադարձը Երևան, Սևան և Զանգեզուր կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Ավելի ուշ Ալիևը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպմանը մեղադրել էր Երևանին ադրբեջանցիների «Հայաստան վերադառնալու» իրավունքը մերժելու մեջ։