Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ վարժանքներ կանցկացնեն կիբերանվտանգության ոլորտում 2024 թվականին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բաքվում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ Գյուլերը պարզաբանել է, որ զորավարժությունները տեղի կունենան Թուրքիայում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իր հերթին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովը հայտնել է, որ 2024 թվականին Ադրբեջանը նախատեսում է մի շարք միջոցառումներ անցկացնել ռազմական համագործակցության տարբեր ոլորտներում՝ եռակողմ ձևաչափով։ Նա նաև հայտարարել է, որ «տարածաշրջանից դուրս գտնվող երկրների փորձերը՝ սրելու իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում, անընդունելի են»։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ եռակողմ հանդիպման ընթացքում «նշվել է տարածաշրջանի անվտանգությանն սպառնալիք հանդիսացող գործոնների դեմ պայքարում ուժերի միավորման կարևորությունը»։ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները «հատկապես ընդգծել են եռակողմ զորավարժությունների և վարժանքների լուսաբանման ընդլայնման կարևորությունը»։
Իր հերթին՝ Հասանովն ու Գյուլերը երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի «համատեղ զորավարժությունների ակտիվացումը»։
Բացի այդ, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարություններն ստորագրել են 2024 թվականի ռազմական համագործակցության պլան։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիպման ընթացքում Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման և համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման հեռանկարները։