Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Անկարայից պահանջել է դադարեցնել Ադրբեջանին աջակցելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այս պահանջն է առաջ քաշել՝ որպես Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման պայման։
«Միացյալ Նահանգները Թուրքիայից պահանջել է դադարեցնել Ադրբեջանին աջակցությունը ղարաբաղյան հարցում։ Երբ Ադրբեջանն ազատագրեց Ղարաբաղը, նրանք շանտաժի ենթարկեցին Թուրքիային՝ հասկացնելով, որ Ադրբեջանին աջակցությունը խոչընդոտ կհանդիսանա նշված մարտական ինքնաթիռների ուղարկման համար»,- ԱԶԿ ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցը։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ խնդրանքով գնել ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնել այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռներ, որոնք արդեն ծառայության մեջ էին երկրի ռազմաօդային ուժերում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։