Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Սիմոնյանը նոյեմբերի 28-ին լրագրողներին տված իր հայտարարության մեջ «հերթական անգամ խեղաթյուրել է տարածաշրջանում առկա իրողությունները և իրականությունից հեռու մտքեր հնչեցրել»։
«Սիմոնյանի այս հարցազրույցը ոչ միայն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ անհեթեթ հայտարարություններ է անում, այլ նաև վկայում է իր օտարերկրյա հովանավորների տեսադաշտում մշտապես լինելու ցանկության մասին։ Վերջին հայտարարություններին այլ բացատրություն տալ ուղղակի անհնար է»,- նշվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի խորհրդարանը նշել է նաև, որ Ալեն Սիմոնյանը, լավ կլիներ, ներողություն խնդրեր իբրև թե «Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիների փախստականներ և հարկադիր վերաբնակներ դառնալու, Խոջալուի ցեղասպանության և օկուպացիայի ժամանակ 9 քաղաքների և հարյուրավոր գյուղերի ավերածության համար»։