Շվեդիայի ԱԳՆ-ն ավելացրել է Բաքվի հետ կապված Անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի (ISDP) ֆինանսավորումը, հաղորդում է շվեդական Blankspot թերթը։
«Գարնանից ակտիվացել են զարգացումները Կովկասում, որը ISDP-ի հիմնական գործունեություններից մեկն է, ISDP-ի հետ քննարկումներից հետո առաջարկվում է եղածին ավելացնել ևս 1 միլիոն շվեդական կրոն (մոտ 90 հազար եվրո-խմբ.) գործառնական աջակցություն»,- հաղորդում է թերթը Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը ֆինանսավորման ավելացման մասին։
Blankspot-ը հայտարարել է, որ ISDP-ն գումար է ստացել ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունից, այնուհետև Բաքվին պատկանող շինարարական ընկերությունից։ Թերթը նախապես այս փաստի վրա էր հրավիրել Շվեդիայի իշխանությունների ուշադրությունը, որից հետո Բաքուն դադարեցրել էր ինստիտուտի բացահայտ ֆինանսավորումը։ Ֆինանսավորման սառեցումից հետո, սակայն, ISDP-ի կապերն Ադրբեջանի հետ միայն ամրապնդվել էին: Blankspot-ը հիշեցրել է, որ ինստիտուտի աշխատակիցները, որպես հրավիրված փորձագետներ, մասնակցել են 2020 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում անցկացվող գիտաժողովներին։
«Ադրբեջանական կողմից մեկնողները կարող են դա անել միայն ադրբեջանական պետության հսկողության ներքո և հրավերով։ Բացի այդ, գիտաժողովներին մասնակցող միջազգային հետազոտողները մանրակրկիտ ընտրվում են։ Այսինքն՝ Ադրբեջանը չի հրավիրում մասնակցելու այնպիսի քննադատ հետազոտողի, ինչպիսին լրագրողն է»,- պարզաբանել է թերթը։
Ըստ Blankspot-ի, ISDP-ն կապեր է պահպանում Բաքվի հետ իր քույր հետազոտական կենտրոնների՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի և Մետաքսի ճանապարհի հետազոտական ծրագրի (CACI & SRSP) միջոցով, որի տնօրենն է ISDP ռեկտոր Սվանտե Քորնելը: Թերթը հիշեցրել է, որ Քորնելը նաև ադրբեջանական «Caucasus International Journal» հրատարակության խմբագրական խորհրդի կազմում է, որը ղեկավարվում է պետական վերլուծական կենտրոններից մեկի կողմից։
CACI & SRSP-ի մեկ այլ ղեկավար Ֆրեդերիկ Սթարը մի քանի տարի եղել է Ադրբեջանի պետական համալսարանի ADA-ի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ դիվանագետների պատրաստման համար։ Նրա ռեկտորը՝ Հաֆիզ Փաշաևը, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հորեղբայրն է, հիշեցնում է Blankspot-ը։
Թերթի հարցին, թե ինչո՞ւ է ԱԳՆ-ն ֆինանսավորում բռնատիրական ռեժիմի հետ կապված ինստիտուտը, գերատեսչությունը պատասխանել է, որ անհրաժեշտ է հետազոտություններ կատարել բոլոր երկրներում՝ անկախ նրանց քաղաքական ռեժիմից։ «Ֆորին Օֆիսի կողմից աջակցվող ուղեղային կենտրոններն ու ինստիտուտները պետք է նաև կարողանան գործել այնպիսի երկրներում, որոնք ժողովրդավարական չեն: Աշխարհի որոշ մասերում բովանդակալից աշխատանք իրականացնելու համար կարող են անհրաժեշտ լինել հարաբերություններ պաշտոնական ներկայացուցիչների հետ»,- պարզաբանել են ԱԳՆ-ում։
Blankspot-ը զգուշացրել է, որ ISDP-ի հետազոտությունը կարող է ազդել Շվեդիայի արտաքին քաղաքականության վրա Երևանի և Բաքվի նկատմամբ՝ պատճառ դառնալով, որ Ստոկհոլմը չմիանա Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներին՝ կապված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների հետ: Միևնույն ժամանակ, Շվեդիայի ԱԳՆ-ն թերթին հայտնել է, որ երկիրը պատրաստ է «աջակցել այլ երկրների առաջարկներին՝ ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության լրացուցիչ լեզվի և Ադրբեջանի պատասխանատվության ավելի հստակ ըմբռնման վերաբերյալ առաջարկներին»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։