Ադրբեջանի խորհրդարանի կողմից Հայաստանի վերաբերյալ այսօր ընդունված փաստաթուղթը նոր ագրեսիվ ակտ է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Նա շեշտել է՝ փաստաթուղթը լի է կեղծ պատմական և քաղաքական-իրավական տերմիններով ու հայտարարություններով։
«Քանի դեռ Արցախի ժողովրդի իրավունքները չեն վերականգնվել իր պատմական հայրենիքում, և քանի դեռ Ադրբեջանում չի վերացվել հայատյացության համակարգը, տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել։ Հակամարտության մի կողմի զիջողականությունն ու խաղաղասիրությունը, մյուս կողմի շարունակական թշնամանքի պայմաններում, կհանգեցնի միայն նոր զիջումների և ողբերգությունների»,- ընդգծել է նախկին պաշտոնյան:
Բեգլարյանն Ադրբեջանի հետ բախումները կանխելու պատրվակով Արցախի էջը փակել ձգտողներին խորհուրդ է տվել ուշադիր հետևել Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմի գործողություններին:
Ավելի վաղ Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) հայտարարություն էր ընդունել այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու վերաբերյալ:
Մարտի 14-ին Ալեքբերլին նամակ էր հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում կոչ էր արել Հայաստանի կառավարությանը երկխոսություն սկսել «Հայաստանում ադրբեջանցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովման» թեմայով։ Ադրբեջանում սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի ղեկավար Զահիդ Օրուջը նոյեմբերի 6-ին ասել էր, որ ադրբեջանցիների վերադարձը Երևան, Սևան և Զանգեզուր կարող է տեղի ունենալ «մոտ ապագայում»։