ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ չհարձակման և սպառազինությունների փոխադարձ վերահսկման մասին պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկները նոր են և ներառված չէին նախկինում Բաքու ուղարկված առաջարկների մեջ:
«Դրանք նոր թեզեր են, որոնց պետք է քաղաքական արձագանք հետևի, և եթե անհրաժեշտություն լինի, նաև գրավոր ֆիքսվի»,- նշել է նա: Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ հունվարի չորսին պայմանագրի տեքստի վերաբերյալ հայկական կողմի ուղարկած նկատառումներին ադրբեջանական կողմից դեռևս արձագանք չեն ստացել:
Կոստանյանի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները կասկած են հարուցում, թե ընդհանրապես ադրբեջանական կողմը հետաքրքրված է խաղաղության հաստատմամբ: Նրա խոսքով՝ այդ ճանապարհին վստահության ամրապնդման միջոցառումները բավականին մեծ կարևորություն ունեն:
«Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքրվա՞ծ են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմամբ թե ոչ, որովհետև Բաքվից հնչող հայտարարություններն իրարամերժ են»,- ընդգծել է Կոստանյանը:
Հունվարի 29-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն «գործնական նշանակություն չունեցող առաջարկներ» էր անվանել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ստեղծելու և Բաքվի հետ չհարձակման պայմանագիր կնքելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Բաքուն «քաղաքական մանիպուլյացիա» է անվանել այն պնդումը, թե Հայաստանը լրջորեն է վերաբերում խաղաղության գործընթացին և ասել, որ Ադրբեջանը «Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»։
Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման պայմանագիր ստորագրել և ապառազմականացնել սահմանը։ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և որ Երևանը պատրաստ է տալ համապատասխան երկարատև և անշրջելի երաշխիքներ ու ակնկալում է նույնատիպ երաշխիքներ Ադրբեջանից։