Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ հակաահաբեկչական կենտրոնն օպերատիվ որոնողական-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավել է մի քանի միավոր հատուկ պայթուցիկ սարքեր և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։
«Օպերատիվ որոնողական աշխատանքների շրջանակում, ըստ նախնական օպերատիվ տեղեկությունների, կոնկրետ ավտոմեքենայի խուզարկության արդյունքում Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցներն առգրավել են էլեկտրական մեքենայի համար նախատեսված երկու մարտկոց, որոնք օգտագործվել են որպես տարա։ Երկուսն էլ պարունակել են վեց միավոր հատուկ պայթուցիկ սարքեր»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ականազերծման հատուկ խումբն այդ տարաներից առգրավել է պայթուցիկ սարքեր և նյութեր, ուղարկել երկրի ՆԳՆ դատաբժշկական վարչություն՝ փորձաքննության։ Գաղտնի քննչական և օպերատիվ գործունեությունն ապահովելու նպատակով՝ նշված տարաները վերադարձվել են իրենց սկզբնական տեսքին, ծանրոցի հետագա տեղաշարժի գործընթացը վերահսկվել է Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցների կողմից։ Վերոնշյալ քննչական գործողությունների հիմնական նպատակն է եղել պարզել հաճախորդներին և լրացուցիչ անձանց, ովքեր կարող էին ներգրավվախ լինել նշված բեռի տեղափոխմանը։
Պարզվել է, որ պայթուցիկ սարքերը պարունակում են ռազմական նշանակության C-4 պայթուցիկ նյութեր, որոնք հնարավոր է ակտիվացնել էլեկտրական դետոնատորի և հատուկ ժամանակաչափի միջոցով։ Պայթուցիկի ընդհանուր քաշը հասնում է 14 կիլոգրամի։ Հայտնաբերված սարքերի նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բոլոր վեց սարքերն էլ արտադրվել են բարձրակարգ մասնագետի կողմից և նախատեսված են վնասների լայն շառավղով։ Նման սարքի տեղակայումը մարդաշատ վայրերում կարող է հանգեցնել ենթակառուցվածքների զգալի վնասների և մեծ զոհերի:
Հակաահաբեկչական կենտրոնի կողմից իրականացված համալիր գործողությունների արդյունքում, հարցված ականատեսների ցուցմունքների և առգրավված աուդիո ֆայլերի հիման վրա պարզվել է, որ նշված պայթուցիկ սարքերն ու նյութերը Վրաստան են առաքվել Ուկրաինայի Օդեսա քաղաքից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով այս տարվա հունվարի 19-ին՝ «Սարպիի» անցակետով՝ Ուկրաինայի քաղաքացուն պատկանող միկրոավտոբուսով և նախատեսվում էր տեղափոխել ՌԴ Վորոնեժ քաղաք՝ «Դարյալ» անցակետով։
Բեռը կանգնեցվել և առգրավվել է Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցների կողմից այն պահին, երբ այն վրաց-ռուսական պետական սահմանը պետք է հատեր վրացական կողմից։ Պարզվել է, որ այդ պայթուցիկ սարքերը Վրաստան ներկրելու գործին մասնակցել է Վրաստանից 7, Ուկրաինայից՝ 3 և Հայաստանից 2 մարդ։
Գործի նյութերի համաձայն՝ նշված գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի, 2020 թվականին Օդեսայի մարզի տեղական Ռադայի Կիևի շրջանի «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Անդրեյ Շարաշիձեն։ Հետաքննությունը նաև պարզել է, որ վերոնշյալ անձինք, բացառությամբ Շարաշիձեի, հավանաբար տեղյակ չեն եղել ավտոմեքենաների մարտկոցներում տեղադրված պայթուցիկ սարքերի և պայթուցիչի պարկուճների մասին։
Ներկայումս ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ միջոցառումներ՝ հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց, հատուկ պայթուցիկ սարքերի արտադրության, շարժման երթուղին, վերջնական նպատակակետը պարզելու, հարձակման թիրախները գտնելու և ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։