Ադրբեջանը հայտարարում է, որ Տավուշի գյուղերի հանձնումը ենթադրում է ձերբակալություններ, հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մոտավորապես նույն սցենարն է ու սցենարիստն է, որը գործում էր Արցախի դեմ ագրեսիայի շրջանակում: Ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է միակողմանի զիջումների մասին, որը մեր երկրի համար հսկայական ծանր հետևանք է ունենալու, իսկ այդ «բարի կամքի» դրսևորմանն ի պատասխան՝ Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ»,- գրել է Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ մինչ Հայաստանի իշխանությունը մեծ նվիրվածությամբ պատրաստակամություն է հայտնում փուլային ձևով Ադրբեջանին հանձնել 8 գյուղ, Ադրբեջանում «վերհիշել» են, որ 90-ականների սկզբին Տավուշում սկիզբ առած մարտական գործողությունների օրերին Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացու նկատմամբ:
«Ովքե՞ր են ադրբեջանցիների համար հանցագործներ: Բոլոր նրանք, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում մասնակցել են Արցախի և Հայաստանի ազգային-ազատագրական պայքարին, սեփական հողն ու օջախը պաշտպանել»,- եզրափակել է պատգամավորը:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հայտնել էր, որ «եթե Ադրբեջանին մարզի չորս գյուղ չհանձնեն, պատերազմ կլինի»։ Նույն օրը՝ ավելի ուշ, Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: