Թուրքիայում մարտի 31-ին տեղական ինքնակառավարման ընտրություններում կրած պարտությունից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը մերժել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչերը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունից հետո փորձագետներն իշխող թիմի ձախողման պատճառ են համարել երկրի ծանր տնտեսական իրավիճակը։ Նրանք նշել են, որ ընդդիմությունը հաղթանակի ֆոնին կարող է արտահերթ նախագահական ընտրություններ պահանջել, բայց Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեդ Ուչումը բացառել է այդ հնարավորությունը։
«Այդ կանխատեսումները պարզապես դատարկ երազանքներ են։ Թուրքիայի նախագահի լիազորությունների ժամկետը կտևի մինչև 2028 թվականը»,- հայտարարել է Ուչումը։
Մարտի 31-ին Թուրքիայի խոշոր քաղաքներում քաղաքապետերի ընտրություններ են անցկացվել, որտեղ, նախնական տվյալներով, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն ստացել է 37,3%, ԱԶԿ-ն՝ 35,7% ձայն։ ԱԶԿ-ն վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ պարտություն է կրել, և Էրդողանն ընդունել է այն։