Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ հաղորդելով, որ զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը։
Հաքան Ֆիդանը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ճգնաժամի ընդլայնման և տարածման հնարավորության կապակցությամբ։ Նա նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության բռնկումից ի վեր Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ այն իր մեջ կրում է տարածաշրջանային հակամարտության վերածվելու վտանգ։
Ֆիդանն ընդգծել է, Գազայի հատվածում հրադադարի հաստատման անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում՝ հակամարտությունը կարող է սրվել։
Ապրիլի 14-ի գիշերն Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելու մասին: Իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը հարվածներ է հասցրել բացառապես Իսրայելի ռազմական օբյեկտներին: Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ 99%-ով խոցել են Իսրայելի ուղղությամբ արձակված մոտ 300 ԱԹՍ և հրթիռներ։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը չի պատրաստվում շարունակել գործողություններն Իսրայելի դեմ։