Թբիլիսիում ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։
Գերատեսչության տվյալներով՝ ցուցարարները «ֆիզիկապես դիմադրել են ոստիկաններին և նրանց ուղղությամբ նետել տարբեր բութ առարկաներ, այդ թվում՝ քարեր և շշեր»։ Նշվում է, որ տուժել է ՆԳՆ մեկ աշխատակից, ով հոսպիտալացվել է, վնասվել է նաև ոստիկանական մեքենան։
Ոստիկանությունը ցուցարարների դեմ գազ է կիրառել, հայտնում է հրապարակումը։
Ուշ երեկոյան «Սպուտնիկ Գրուզիա»-ն հայտնել է, որ օրենքի դեմ բողոքողների մեծ մասն արդեն ցրվել է։ Ակտիվիստների փոքր խմբեր շարունակում են մնալ խորհրդարանի հետևի մուտքի մոտ։ Ապրիլի 16-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Հանդիպման ընթացքում խորհրդարանի 78 անդամները դեմ են քվեարկել «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջարկած այլընտրանքային նախագծերի քննարկմանը։
Թբիլիսիում օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել էր «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Միաժամանակ՝ խորհրդարանի շենքի մոտ տեղի էր ունեցել օրինագծի ընդունման դեմ բողոքի ցույց, որի ընթացքում բերման էր ենթարկվել 14 ցուցարար։ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրինագիծն առաջին անգամ ընդունվել էր 2023 թվականի մարտին։ Նախագծի ընդունումից հետո Վրաստանում բողոքի ցույցեր էին սկսվել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել։ Մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։