Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրությունները պաշտոնապես նշանակել է հոկտեմբերի 26-ին, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է այսօր՝ օգոստոսի 27-ին։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ կայանալիք ընտրությունները կապված են «երկրի ապագան փրկելու հետ»։ «Մեր ընտրությունը գոյաբանական է։ Այս ընտրությունը երկար տարիներ կորոշի երկրի ճակատագիրը»,- նախագահի խոսքերն է մեջբերում պարբերականը։
Ըստ Վրաստանի նախագահի՝ պետք է պատրաստվել մի ընտրության, որը համարժեք կլինի հանրաքվեի՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։
«Մենք պետք է որոշենք գլխավորը՝ ո՞վ ենք մենք, ինչպիսի՞ն ենք, ո՞ւր ենք գնում և ի՞նչ ենք ուզում։ Անցյալ կամ առաջընթաց, ազատություն կամ ստրկություն, բռնապետություն կամ ժողովրդավարություն, միակուսակցական կամ բազմակուսակցական իշխանություն, օկուպացված տարածքներում ապրող մեր քաղաքացիների ինքնության կամ ճակատագրի պաշտպանություն և ամրապնդում, քրիստոնեական հանդուրժողականություն կամ անհանդուրժողականություն այլոց նկատմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն օգոստոսի 19-ին հայտարարել էր, որ կայանալիք խորհրդարանական ընտրություններն ավելի հիմնարար են, քան բոլոր նախորդները, և կդառնան խաղաղության և պատերազմի միջև յուրօրինակ հանրաքվե։