Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը խանգարում է թուրքական կողմի համապատասխան քաղաքական որոշման բացակայությունը, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
«ՀՀ Սահմանադրությունը միայն ՀՀ ժողովրդի գործն է։ Հայաստանը պատրաստ է առանց որևէ նախապայմանի, զուտ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ունենալ բաց սահմաններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ունենալ դիվանագիտական կապեր ունենալ Թուրքիայի հետ վաղը, ունենալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր վաղը։ Մենք ունենք քաղաքական կամք՝ ունենալու նորմալացված հարաբերություններ Թուրքիայի հետ, ունենալ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, եթե մեր հարևանները ունենան նույն քաղաքական կամքը, դա վաղը տեղի կունենա»,- ասել է Ռուբինյանը։
Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես 2009 թվականին, պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Նա նաև նշել է, որ Թուրքիայում թյուր պատկերացում կա, թե հայկական սփյուռքը կամ նրա դիրքորոշումը խոչընդոտ է Երևանի և Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար:
«Բազմիցս ապացուցվել է, որ դա այդպես չէ»,— ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային անցակետում:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են «տարածաշրջանային փոփոխություններին համապատասխան» իրականացնել տեխնիկական կարիքների գնահատում, որոնք թույլ կտան բացել Ախուրիկ/Աքյակա երկաթուղու սահմանային անցակետը:
Ավելի վաղ Ռուբինյանն ու Քըլըչը չորս հանդիպում են ունեցել՝ մեկը Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում: Վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում, կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև ։