Վրաստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, քվեարկությունը կտևի մինչև 20։00-ն, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել 3111 ընտրատեղամասերում, որոնցից 67-ը գտնվում են արտերկրում։ Ընդհանուր առմամբ՝ գրանցված է մոտ 3,5 մլն ընտրող։ Ընտրություններին կարող են մասնակցել Վրաստանի սահմաններից դուրս բնակվող ռեկորդային թվով քաղաքացիներ՝ ավելի քան 95 հազար մարդ։
Ըստ աղբյուրի՝ ընթացիկ ընտրություններն առաջինն են, որտեղ օգտագործվել են էլեկտրոնային քվեատուփեր։ Բացի այս սարքերից, կկիրառվի ընտրողների ստուգման տեխնոլոգիա:
Սպասվում է, որ ԿԸՀ-ն քվեարկության առաջին արդյունքները կհրապարակի ընտրատեղամասերի փակվելուց հետո երկու ժամվա ընթացքում: Քվեարկության ավարտից անմիջապես հետո տեղական հեռուստաալիքները նախատեսում են հայտնել էքզիթ փոլի արդյունքները։
Պատգամավորական մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի «Վրացական երազանքի» հիմնական մրցակիցները համարվում է 4 ընդդիմադիր կուսակցություն՝ «Միասնություն ազգային շարժումը», որի ողնաշարն է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժումը», նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան Վրաստանի համար», «Ուժեղ Վրաստան» և «Փոփոխությունների կոալիցիան»: Հենց այս կուսակցություններն են նախատեսում կոալիցիոն կառավարություն ստեղծել, եթե ավելի շատ ձայն ստանան, քան «Վրացական երազանք»-ը։
Վրաստանի վարչապետ Կոբախիձեն նույնպես քվեարկել է Թբիլիսիում խորհրդարանական ընտրություններում։ Կոբախիձեն իր ընտրությունը կատարել է մայրաքաղաքի Բագեբի շրջանի ընտրատեղամասում։ Ընտրություններին քվեարկել են նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։