Վրաստանի խորհրդարանական ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Ընտրությանը մասնակցածների 99,64%-ի ձայների հաշվարկով` «Վրացական երազանքն» ստացել է ձայների 54,08%-ը։
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է ընտրության նախնական արդյունքները չընդունելու մասին։
«ԿԸՀ-ի կողմից հնչեցված ընտրությունների նախնական արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը, իսկ հրապարակված թվերը հակասում են Վրաստանի ընտրությանը։ Մենք պայքարելու ենք։ Կոալիցիան կշարունակի պայքարը վրաց ժողովրդի յուրաքանչյուր ձայնի և ժողովրդավարական ընտրության պաշտպանության համար՝ բոլոր օրինական մեթոդներով»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ վրաց ժողովուրդն ընտրել է երկրի խաղաղությունը, զարգացումը և եվրոպական պայծառ ապագան։
«Ընտրությունները կարևոր պահ են ցանկացած երկրի կյանքում, և այդ կարևորագույն պահերին վրաց ժողովուրդը սատարեց մեզ և կատարեց իր ընտրությունը։ Խորհրդարանի առաջին նիստը կընթանա բնականոն հունով, կառավարությունը կհաստատվի, և մեր երկրում գործընթացները կշարունակվեն բնականոն հունով։ Այդ գործընթացին խոչընդոտելու ընդդիմության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման»,– ասել է Կոբախիձեն։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սամտրեդիայի ու Չոխատաուրի շրջանների սակրեբուլոյի (շրջանային ժողովի) միջանկյալ ընտրություններ։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։