Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները տոտալ կեղծվել են, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների ներկայությամբ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ականատես դարձանք անսովոր երևույթի։ Դա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ զավթում՝ օգտագործելով ընտրությունների կեղծման բոլոր հնարավոր միջոցները»,- ասել է Զուրաբիշվիլին՝ ընտրություններն անվանելով հատուկ գործողություն և ժողովրդի դեմ «հիբրիդային պատերազմի» դրսևորում։
Վրաստանի նախագահը հայտարարել է երկուշաբթի օրը՝ ժամը 19:00-ին, բողոքի ակցիայի անցկացման մասին:
«Մենք ոչ մեկին չենք զիջի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրավունքը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցներն ամբողջ աշխարհին ցույց կտան, որ չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սամտրեդիայի ու Չոխատաուրի շրջանների սակրեբուլոյի (շրջանային ժողովի) միջանկյալ ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքել է ընտրողների ձայների 54,09%-ը։ Ընդդիմադիր «Փոփոխությունների կոալիցիան» հավաքել է ընտրողների ձայների 37,6%-ը, «Միասնություն՝ ազգային շարժումը»՝ 10,12%-ը, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,78%, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ուժը՝ 7,76%։ Հոկտեմբերի 27-ին Վրաստանի ընդդիմությունը հայտարարել էր ընտրության նախնական արդյունքները չընդունելու մասին։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել էին, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եզրակացությունը հաստատել է ընտրությունների լեգիտիմությունը: ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի և Եվրախորհրդարանի համատեղ առաքելության եզրակացության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացակարգը լավ էր կազմակերպված, բայց, միաժամանակ, կային կուսակցությունների ֆինանսավորման անհավասարակշռություն, պետական ծառայողների վրա ճնշում և ընտրողներին վախեցնելու բազմաթիվ դեպքեր:
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։