Վրացական ընդդիմությունը Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ, տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պահանջում է միջազգային վերահսկողությամբ նոր ընտրություններ անցկացնել, հայտնում է Newsgeorgia-ն։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Միասնություն ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ, որոնք պետք է կազմակերպի Միջազգային ընտրական վարչությունը։
Ընդդիմությունը նաև հայտարարել է նոր խորհրդարանում ստացած մանդատներից հրաժարվելու մասին։ Նրանց կարծիքով՝ «Վրացական երազանքի» հետ բանակցություններ հնարավոր են միայն նոր ընտրություններ նշանակելու հարցով։
«Առաջինը` և՛ դուք, և՛ մենք այս ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ։ Երկրորդ՝ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, հրաժարվում ենք բոլոր մանդատներից ու փակում ցուցակը։ Երրորդ՝ պայքարելու ենք այնքան, մինչև հաղթենք, և խոստանում ենք, որ հաղթելու ենք։ Չորրորդ՝ մենք կոնկրետ պահանջ ունենք՝ ընտրություններն անցկացնել զրոյից, բայց դրանք պետք է իրականացնի Միջազգային ընտրական վարչությունը»,- ասել է Վաշաձեն։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սամտրեդիայի ու Չոխատաուրի շրջանների սակրեբուլոյի (շրջանային ժողովի) միջանկյալ ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքել է ընտրողների ձայների 54,09%-ը։ Ընդդիմադիր «Փոփոխությունների կոալիցիան» հավաքել է ընտրողների ձայների 37,6%-ը, «Միասնություն ազգային շարժումը»՝ 10,12%-ը, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,78%, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ուժը՝ 7,76%։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում և այսօր նախագահի հետ միասին բողոքի ցույցի են դուրս եկել Թբիլիսիում։
Հոկտեմբերի 27-ին Վրաստանի ընդդիմությունը հայտարարել էր ընտրության նախնական արդյունքները չընդունելու մասին։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։