Վրաստանում ընդդիմությունը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով փակել է Թբիլիսիի պետական համալսարան տանող ճանապարհն ու վրաններ տեղադրել, հայտնում է SOVA-ն։
«Հանուն փոփոխությունների կոալիցիան» կոչ է արել բոլորին միանալ Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ 24-ժամյա բողոքի ակցիային, որին միացել է «Միասնություն-ազգային շարժում» կուսակցությունը:
Կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան ընդգծել է, որ ժամանակն է դադարեցնել բողոքի «զբոսանքները» և անցնել կոնկրետ գործողությունների։ Նա կոչ է արել «փակել ամեն ինչ» և անժամկետ բողոքի ակցիա սկսել նաև Ռուսթավելի պողոտայում, իսկ այնուհետ «դանդաղ, նպատակային, ծրագրված և խաղաղ» կերպով փակել բոլոր մայրուղիները՝ մինչև նոր ընտրությունների նշանակումը։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։
Թբիլիսում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ակցիաները վերսկսվել էին նոյեմբերի 17-ին։