Թբիլիսիի մի քանի դպրոցներ դատապարտել են ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու գործընթացն օրակարգից հանելու կառավարության որոշումը և ի նշան բողոքի՝ դադարեցրել են ուսումնական գործընթացը:
Գործադուլներ են հայտարարել Green school dighomi-ին և Newton free school-ը, որոնց միացել է նաև Waldorf մանկապարտեզը:
«Մեր գլխավոր արժեքը աշակերտների ազատությունն ու ապագան են, ուստի միանում ենք բողոքի բոլոր ճիշտ նախաձեռնություններին։ Ազատությունն ամեն ինչից վեր է»,- ասվում է Newton free school-ի Facebook-ի գրառման մեջ:
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, Վրաստանում եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։
Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։